Նոյեմբերի 26-ի նիստին Հայաստանի Կառավարությունը հավանություն է տվել Ֆրանսիական զարգացման գործակալության տրամադրած 75 մլն վարկին` Վեդիի ջրամբարի կառուցման համար: 

Հիշեցնենք, որ Վեդիի ոռոգիչ ջրամբարի տարողունակությունը պիտի կազմի  29 մլն խորանարդ մետր:  Ինչպես ավելի վաղ ասել էր հանրապետության Ջրտնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը, նախագծա-հաշվարկային փաստաթղթերն ու տեխնիկական հիմնավորումներն արդեն ավարտական փուլում են: Շինարարությունը  5 տարի կտեւի:

Վարկը կտրամադրվի արտոնյալ պայմաններով` 20 տարի ժամկետով, փոփոխական 0,25% – 6,25% տոկոսադրույքով, տարեկան  0,5% տոկոս վճարելու պարտավորությամբ:  

Ջրամբարը նախատեսված է   ավելի քան   4 հազար հեկտար ջրելու համար Արարատյան դաշտում` երկրի կարեւոր գյուղտնտեսական շրջանում: Այդ թվում` 2,8 հազար հա մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոսով, ինչը հնարավորություն կտա մոտ   12 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա խնայել: