ԽՍՀՄ փլուզումից հետո, Մոսկվան, ինչպես երբեք, ակտիվորեն իր վրա է վերցնում Հարավային Կովկասում ժանդարմի դերը՝ 24 տարով երկարացնելով իր զինվորականների ներկայությունը Հայաստանում, միաժամանակ C-300 հրթիռներ առաքելով նրա թշնամուն՝ Ադրբեջանին, գրում է Le Figaro-ն:

Բաքվում Մոսկվայի եւ Երեւանի ռազմական համագործակցությունը բացասաբար է ընդունվում, շարունակում է պարբերականը: «Ադրբեջանցի փորձագետների կարծիքով, Կրեմլը չհավասարակշռված քաղաքականություն է վարում տարածաշրջանում՝ պայքարելով չեչենական եւ դաղստանյան անջատողականության դեմ Հյուսիսային Կովկասում եւ միաժամանակ աջակցելով հայկական անջատողականությանը` Հարավային Կովկասում»,- գրում է թերթը, նշելով, որ Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ երկկողմ համագործակցության զարգացման մեջ: «Բացի իրանական սպառնալիքը զսպելու Բաքվի ընդունակությունից, Ռուսաստանը ադրբեջանական նավթի ահռելի պաշարների կարիքն ունի, շահագրգռված է նաեւ Հյուսիս-Հարավ երկաթուղու շինարարությամբ»,- նկատում է պարբերականը: «Ռուսաստանի համար Ադրբեջանը գլոբալ աշխարհաքաղաքական նշանակություն ունի, գլխավորը, որ երկիրը դեպի արեւմուտք ուղի չի վերցրել, ինչպես արել է Վրաստանը: Ուստի Մոսկվան պարբերաբար փորձեր է անում հավասարակշռել իր շատ սերտ կապերը Հայաստանի հետ»,- գրում է Le Figaro-ն: