Անշարժ գույքի շուկայի՝ վերջին մեկուկես տասնամյակի վիճակագրությունում ակնհայտ հետընթաց է նկատվում: Հիշեցնենք, որ ժամանակին Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն իր զեկույցներում ներկայացնում էր անշարժ գույքի ինչպես նվազագույն, այնպես էլ առավելագույն գները: Ընդ որում, դրանք ներկայացվում էին դոլարով, ինչն «ակնարկում» էր այդ ոլորտում իրական իրավիճակը:
Հիմա հրապարակվում է միայն միջինացված գինը՝ ազգային արժույթով: Գումարած դրան՝ ներկայացվում է առանց զգալի տեղաշարժի, վերջին տարիներին գների դինամիկան: Որքանով են այդ գները համապատասպանում իրականությանը՝ պետք է դատեն անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների մասնակիցները:
Միջին մակերեսով բնակարանների միջին գինը կախված է մի շարք գործոններից: Բացի մայրաքաղաքում դրանց աշխարհագրական դիրքից, կարեւոր դեր է խաղում նաեւ բնակարանի մակերեսը:
Այսպես, այդ գործոնով պայմանավորված՝ վարկանիշի երկրորդ տեղում Կենտրոն վարչական շրջանն է՝ միջինը 74 ք.մ.-ից ավելի բնակարաններով: Անկասկած, այստեղ դեր ունի նաեւ բնակարային բարելավված պայմաններով բնակելի շենքերի զանգվածային շինարարությունը: Օրինակ՝ Հյուսիսային պողոտան, որտեղ, խորհրդային անցյալի համեմատ, ֆանտաստիկ մեծությամբ բնակարաններ են:
Իսկ ռեկորդակիրը մայրաքաղաքի՝ համեմատաբար նոր վարչական շրջան Դավիթաշենն է՝ միջինը գրեթե 78 ք.ռ. մակերեսով բնակարաններով: Բանն այն է, որ այս շրջանում բնակարանային ֆոնդի գրեթե երկու երրորդը՝ ավելի քան 64%-ը, երեք սենյականոց բնակարաններ են, ինչը բավականին գերազանցում է Երեւանի համար միջին ցուցանիշը (37%-ից պակաս): Այդ պատճառով միջին բնակարանի թանկությամբ Դավիթաշենը մայրաքաղաքում զբաղեցնում է երրորդ տեղը՝ Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններից հետո:
Ամենավատ ցուցանիշը Շենգավիթում է՝ միջինը 54 ք.մ. բնակարաններով: Այս վարչական շրջանում մեկ սենյականոց բնակարանների տեսակարար կշիռն ամենաբարձրն է՝ գրեթե 34%: Այս գործոնի շնորհիվ էլ Շենգավիթը միջին բնակարանի էժանությամբ վարկանիշի երկրորդ հորիզոնականում է՝ ծայրամասային Նուբարաշենից հետո:
Ներքոնշյալ աղյուսակում ներկայացված են Երեւանի վարչական շրջանների միջին բնակարանների գները, որոնք հաշվարկված են բնակարանների քանակի (առանց սեփականաշնորհված հանրակացարանների) և նրանց ընդհանուր մակերեսի մասին տվյալների, ինչպես նաև հոկտեմբեր ամսվա բնակարանների 1 քառ. մետր մակերեսի շուկայական պաշտոնական գների հիման վրա: Նշենք, որ բնակարանների հաշվարկային միջին գինը կրում է որոշակի հարաբերական բնույթ և կարող է ծառայել միայն քաղաքի շրջանների միջև համեմատության համար:





























