Հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը դարձյալ քննարկվել է Ֆրանսիայի խորհրդարանում: Դրա հեղինակը` Վալերի Բուայեն, այն ներկայացրել է սահմանադրական օրենքների եւ օրենսդրության հանձնաժողովում: Օրենքի նախագիծը խորհրդարանում ներկայացվել էր 2014-ի հոկտեմբերի 14-ին: Իր ելույթում Բուայեն ասել է.
«1998-ի մայիսի 29-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովը հավանություն է տվել այն սկզբունքին, ըստ որի, Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915-ին Հայերի ցեղասպանությունը: Այդ սկզբունքը 2001-ի հունվարին պետական օրենք է դարձել:
Չնայած ոմանք այդ որոշումը նվաճում են համարում, ես կարծում եմ, որ անհրաժեշտ էր ավելի հեռուն գնալ: Ցեղասպանությունից տուժած շատ հայեր Ֆրանսիայում ապաստան են գտել եւ ֆրանսիացի են դարձել: Ժխտումից նրանց իրավական պաշտպանության համար անհրաժեշտ է դիմել հանրապետության արդարությանը: Որպեսզի ցեղասպանության ճանաչումը իրավական հետեւանքներ ունենա, անհրաժեշտ է իրավական աշխատանք կատարել ժխտումը պատժելու ուղղությամբ:
Հենց այդ նպատակով էլ 2006-ի հոկտեմբերի 12-ին Ազգային Ժողովը օրենքի նախագիծ է ընդունել Հայերի ցեղասպանության վիճարկումը պատժելու մասին: Այն Սենատի օրակարգ չի մտել եւ այնտեղ մերժվել է 2011-ի մայիսին:
Դրանից հետո ես փորձել եմ օգտագործել բոլոր առավել համապատասխան ձեւերը` անհրաժեշտ իրավական կարգավորման հասնելու համար:
Այս օրենքը կապված չէ մի առանձին պատմական իրադարձության հետ: Այն ուղղված է մարդկության դեմ հանցագործությունը, արդարության հերքումը պատժելուն: Դրա նպատակը տարբեր հանցագործությունների զոհերի ժառանգների միջեւ մրցակցությունը չէ: Օրենքի նպատակը հերքման հանցանքի դեմ գործուն եւ մշտական պաշտպանություն ապահովելն է:
Միաժամանակ, զեկուցողն աչքաթող չի անում այն իրավական բարդությունները, որոնք կապված են օրենքը Սահմանադրությամբ ամրագրված խոսքի ազատության սկզբունքի հետ համաձայնեցնելու հետ:
Հենց այդ պատճառով օրենքի նախագիծն առաջարկվում է նոր խմբագրմամբ, որպեսզի ժխտման համար պատիժը համապատասխանի Սահմանադրությանը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավունքին:
Դա է պատճառը, որ անհրաժեշտ է չհենվել սոսկ մեկ աղբյուրի վրա: Անհրաժեշտ է որպես հիմք ընդունել մի քանի աղբյուր, ինչպես օրինակ.
Սեւրի պայմանագիրը, մասնավորապես` 230-րդ հոդվածը, որը դատ էր նախատեսում «1914 թվի օգոստոսի 1-ի դրությամբ Օսմանյան կայսրության մաս կազմող ամբողջ տարածքում հանցագործության համար » պատասխանատուների նկատմամբ. Լոզանի պայմանագիրն արդարացրել է այդ պատասխանատուներին, նշանակում է` հանցակազմ կար, որից արդարացնում էին:
Ստամբուլի ռազմական դատարանի 1919-ի դատավճիռը, որով դատապարտվել էին նրանք, ովքեր հղացել էին հանցագործությունը Օսմանյան կայսրությունում, որի իրավահաջորդն է Թուրքիան միջազգային օրենսդրության համաձայն:
Փերինչեքը Շվեյցարիայի դեմ գործում անհրաժեշտ է ավելի լավ մեկնաբանել խոսքի ազատությունը: Ժխտումը հանցագործության կամ ատելության, ինչպես նաեւ հանցագործության ապացույցների դիտավորյալ ոչնչացման կամ մոռացության տալու անմիջական կամ միջնորդավորված խթաններ է ծնում:
Դրա համար էլ «Հանրապետականներ» կուսակցության (Նիկոլա Սարկոզիի ղեկավարած – խմբ.) խմբակցությունը միաձայն որոշել է օրենքի նախագիծը մտցնել 2015-ի դեկտեմբերի 3-ի օրակարգ»:





























