Աֆղանստանում գործող «Թալիբան» շարժումը ձայնագրություն է տարածել, որում, ենթադրաբար, թալիբների ղեկավար Ախթար Մոհամմադ Մանսուրը հերքել է իր մահվան լուրը: Այս մասին հաղորդում է AFP-ը:
«Լուրերն այն մասին, թե ես վիրավորվել կամ սպանվել եմ Կուչլակում (պակիստանյան Բելուջիստան գավառ), ճիշտ չեն: Դա թշնամական քարոզչություն է: Ես Կուչլակում չեմ եղել արդեն մի քանի տարի»,- ձայնագրությունում ասել է տղամարդը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, խոսողի անձը հաստատել հնարավոր չէ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ախթար Մոհամմադ Մանսուրը մահացել է դեկտեմբերի 2-ին այլ զինյալների հետ փոխհրաձգության ժամանակ վիրավորվելու հետեւանքով:
Մանսուրը «Թալիբան» ծայրահեղական շարժումը ղեկավարում է հուլիսի վերջից: Նա փոխարինել է խմբավորման հիմնադիր Մոհամմադ Օմարին: Նշվում է, որ նրա՝ շարժման գլուխ անցնելուց հետո «Թալիբան»-ը երկու խմբավորման է բաժանվել:




























