ՀԴԲ-ն խուզարկություն է կատարել Քալիֆորնիայի Ռիվերսայդ քաղաքի տներից մեկում: Ականատեսների խոսքով, տունը գտնվում է այն փողոցում, որտեղ որոշ ժամանակ բնակվել է Սան Բեռնարդինոյում մարդկանց վրա հարձակում գործած Սաիդ Ռիզվան Ֆարուքը: Այս մասին գրում է Gazeta-ն:
Բյուրոյի ներկայացուցիչը հաստատել է խուզարկության փաստը, սակայն վայրն ու խուզարկության պատճառը չի նշել: Տեղի բնակիչներից մեկը Reuters գործակալությանն ասել է, որ Ռիվերսայդում բնակվելու ընթացքում Ֆարուքն ընկերություն է արել մի տղամարդու հետ, որի տունն էլ խուզարկել են:
Դեկտեմբերի 2-ին քալիֆորնիական Սան Բեռնարդինոյում հրաձգություն էր տեղի ունեցել սահմանափակ հնարավորություններով մարդկանց օգնության կենտրոնում: Ոստիկանության տվյալներով, հրաձգությանը մասնակցած Սաիդ Ռիզվան Ֆարուքն ու Թաշֆեն Մալիքը «մարտական տակտիկա են կիրառել եւ պատրաստված են եղել երկարատեւ հարձակման»: Պաշտոնական տվյալներով, հրաձգության հետեւանքով 14 մարդ զոհվել է, 17 հոգի՝ վիրավորվել: Ոստիկանությունը գնդակահարել է հարձակումն իրականացնողներին:



























