Դեկտեմբերի 6-ին, ժամը 8.30-ին, Կոտայքի մարզի Քասախ գյուղի միջնակարգ դպրոցում տեղակայված 26/29 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահն իրեն հայտնել է, որ ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը կոտրել է քվեատուփը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին ՀԱԿ-ի կողմից ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված Վիգեն Դավթյանը հաղորդում է տվել, թե խախտում է նկատել, ինչից հետո ինքը բարկացած հարվածել եւ կոտրել է քվեատուփը:
Քվեատուփը փոխվել է:
Ընտրություններն ընթանում են բնականոն հունով:
Կատարվում է քննություն:
Այս խնդրի առնչությամբ, Asparez.am-ը հաղորդել է, որ Past.am-ն ահազանգ ստացել «Ժողովրդավարական ուղի» կուսակցության երիտթեւի ներկայացուցիչ Վիգեն Դավթյանից այն մասին, որ Քասախում տեղակայված 6/25 ընտրատեղամասում լցոնումներ են արվել: Դավթյանի խոսքով՝ լցոնում է արել 6/25 ՏԸՀ նախագահ Նարեկ Մկրտչյանը, իսկ ծրարները կնքել է հանձնաժողովի անդամներից մեկը:
Վիգեն Դավթյանը լցոնումներով արկղը ջարդել է: Տեղամաս են ժամանել թիվ 6 Ընտրատարածքային ընտրական տեղամասի ներկայացուցիչները եւ ջարդած արկղը փոխել նորով: Ըստ ահազանգի հեղինակի՝ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հրաժարվել են քվեատուփում առկա քվեաթերթիկները հաշվել եւ համեմատել ընտրական ցուցակում առկա ստորագրությունների հետ:
Վիգեն Դաթյանը հաղորդում է տվել հանցագործության մասին: ՏԸՀ-ում կազմվել է համապատասխան արձանագրություն:
Վիգեն Դավթյանը Past.am-ին նաեւ տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամները բոլորը Քասախի գյուղապետարանի անդամներն են, որոնք կատարում են գյուղապետի հրահանգը: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Մկրտչյանը՝ ՀՀԿ-ական, գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարն է, Քասախի գյուղապետի եղբորորդին:




























