Սահմանդրական փոփոխությունների հանրաքվեն անցնում է կեղծիքներով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին Ազատության հրապարակում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ վաղ առավոտից իրենք արձանագրել են մի շարք խախտումներ. Մասնավորապես, թիվ 7/23 ընտրատեղամասում ինչ-որ խմորեղենի արտադրության աշխատակիցներ են եկել քվեարկելու, որը կասկածելի է, թիվ 7/22 տեղամասում կանխվել է առանց ստորագրության քվեարկելու փորձը, թիվ 7/33 տեղամասի դիմաց կայանված «Գազել»-ում քաղաքացիներին գումար են բաժանել, թիվ 7/27 ընտրատեղամասում քվեաթերթիկը տրվել է առանց ստոագրության, իսկ 16/42 տեղամասում (Խարբերդ) լցոնում է տեղի ունեցել:
«Սպասելի էր, որ այս քվեարկությունը կեղծիքներով է անցնելու եւ ոչ մի լեգիտիմություն ունենալ չի կարող: Իշխանությունները դիմում են տարբեր կեղծիքներ, ցավոք այս ծառը բարի պտուղ չի տալիս»,-ասել է Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց նկատմամբ ճնշումներն ավելացել են:
«Ես 1996-ից ընտրական հանձնաժողովի անդամ եմ, երբեւէ չեմ հիշում, որ այսպիսի ճնշումներ ու գայթակղություններ լինեն հանձնաժողովի անդամների նկատմամբ: Կրիմինալի մասնակցությամբ լցոնումներ են տեղի ունենում: Ինչ կեղծիք արվում է, արվում է տեղամասերում»,-ընդգծել է նա:




























