Հովիկ Աբրահամյանը հուսով է, որ սահմանադրական փոփոխություններից հետո կշարունակի զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Այսօր` դեկտեմբերի 6–ին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «այո» քվեարկելուց հետո պատասխանելով լրագրողների հարցին` արդյոք կառավարման համակարգի փոփոխությունից հետո պատրաստ է լքել վարչապետի պաշտոնը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ես հիմա վարչապետ եմ եւ հուսով եմ, որ ապագայում էլ վարչապետ կլինեմ»։
Նախագահ Սերժ Սարգսյանը վերջին հարցազրույցում ասել էր, որ եթե սահմանադրական փոփոխությունները չանցնեն, իրենք նախագահի առնվազն երեք թեկնածու ունեն, արդյոք Հովիկ Աբրահամյանն այդ թեկնածուների թվում է. լրագրողի հարցին Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ով խոսել է, հարցն իրեն ուղղեք»։ Միաժամանակ, նա նշեց, որ իր թեկնածության հարցը չի քննարկվել. «Բոլոր հարցերը կքննարկվեն 2017թ. ընտրություններից հետո»։
Վարչապետը հետընտրական ցնցումներ երկրում չի կանխատեսում։ Նրա խոսքով` ինչ ընտրություն էլ ժողովուրդը կատարի, իրենց համար ընդունելի կլինի։




























