ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում խուսափեց իր խնամի Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հարցի պատասխանից:
Լրագրողի հարցին՝ թե ըստ մամուլի հրապարակումների ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին հատուկ մեկնել է Հայաստանից՝ սահամանադրական փոփոխությունների հանրաքվեին չմասնակցելու համար, վարչապետը պաատսխանեց. «Խնամիների հետ ի՞նչ կապ ունի՝ ով ուր է գնում, ինչ է անում: Հարցը իրան տվեք, ինչի չեք տալիս»:
Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։
Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1988 ընտրատեղամասերում։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի:






























