Պետք չէ խոսել սահմանադրական հանրաքվեում հաղթանակների կամ էլ պարտությունների մասին. կարեւորն այն է, թե ինչպիսին կլինի ժողովրդի որոշումը: Այս մասին լրագրողներին դեկտեմբերի 6-ին հայտնել է ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը, ով քվեարկել է Երեւանի Աջափնյակ համայնքի Պ. Յավորովի անվան թիվ 131 դպրոցի ընտրատեղամասում:

«Սահմանադրական փոփոխությունները խնդրի լուծում չեն ապահովում՝ դրանք ստեղծում են պայմաններ, որպեսզի լուծումներն ավելի հեշտանան»,- հավելել է Սահակյանը:

«Ինչպիսին էլ որ լինի ժողովրդի ընտրությունը՝ այն պետք է հարգել: Բայց եթե ժողովուրդը Սահմանադրության բարեփոխումների օգտին չքվեարկի, իշխանության թիմը չի նահանջի, ու կշարունակի պայքարել ժողովրդի ավելի լավ ապագայի համար», հայտնել է նա:

Հարցին, թե նա ինչպե՞ս է գնահատում ընտրատեղամասերում իրավիճակն ու մասնակցությունը, Սահակյանը նշել է, որ իր տեղեկություններով, ընտրատեղամասերում խախտումներ չեն եղել: «Իսկ մասնակցությունը դուք ինքներդ եք տեսնում: Ասում էին, թե ժողովուրդը չգիտի բարեփոխումների նախագծի մասին, բայց ինչպես տեսնում եք՝ գիտի ու գալիս է »,- հայտնել է Սահակյանը:

Այն հարցին, թե իշխանությունները մարդկանց քվեարկության համար ընտրատեղամասեր կտանե՞ն թե ոչ՝ Սահակյանը պատասխանել է «Իշխանությունները գրաստներ չեն, որ ինչ որ մեկին տանեն: Մարդիկ իրենք են գալիս ու քվեարկում»:

Նշենք, որ Հայաստանում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8։00-ին մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։

Քաղաքացիները կքվեարկեն հանրապետության ամբողջ տարածքում բացված 1997 ընտրատեղամասերում։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ. եւ նախագահական կառավարման համակարգը փոխարինվել է կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի դրված նախագծով երկիրն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի: