Վարչախումբը գործի է դրել իր ամբողջ կարողությունը՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական ուժային համակարգերը: Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը:

Հայտարարությունում, նաեւ ասվում է.

«Մի դեպքում նա ոստիկանությունը, հատուկ ծառայությունները եւ մյուս պետական մարմիններն ու ինստիտուտներն է օգտագործում ժողովրդին ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների ենթարկելու միջոցով հանուն իր ազատության եւ արժանապատվության պայքարից հեռու պահելու համար, իսկ մյուս կողմից՝ այդ նպատակով դիմում է ուժային բաղադրիչ ունեցող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ քրեական տարրերի աջակցությանը:

Ասվածի վկայություններ են Սահմանադրությամբ եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով երաշխավորված՝ կյանքի, առողջության եւ քաղաքական ու քաղաքացիական իրավունքների զանգվածային ոտնահարումը ոստիկանության եւ այլ պետական մարմինների կողմից, ինչպես նաեւ «Երկրապահ կամավորականների միության» ներկայացուցիչների սադրիչ հարձակումը Ազատության հրապարակում անցկացվող նստացույցի մասնակից Յուրա Աթոյանի վրա եւ նրանց հետագա հայտարարությունները, թե Յուրա Աթոյանին հաշվեհարդար է սպասվում:

Զարմանալի չէ, որ սահմանադրական կարգի հիմքերը տապալելու միջոցով ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր համագործակցության վերածված վարչախումբը ոստիկանության եւ մյուս պետական մարմինների ապօրինի գործողությունները փորձում է հիմնավորել ձեւական եւ, հաճախ՝ անհեթեթ պատճառաբանություններով:

Մասնավորապես, նշվում է, որ «վրանները կարող են վնասել» մշակույթի հուշարձան համարվող Օպերային թատրոնի պատերը, երթի երթուղին փոխելը ներկայացվում է որպես պետական մասշտաբի ծանր հանցագործություն, իսկ միջազգային իրավունքով եւ Սահմանանդրությամբ անմիջական ժողովրդաիշխանության ձեւ համարվող քաղաքացիական անհնազանդության կոչերն ու գործողությունները՝ համարյա դավաճանություն:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարում է, որ վճռական է խաղաղ դիմադրության մեթոդներով ժողովրդի կամքի պարտադրման միջոցով մեր երկրում սահմանադրական կարգի հաստատման իր ծրագրին: