Իշխանությունները սահմանադրական հանրաքվեի ժամանակ վերջնականապես խայտառակեցին իրենց կեղծիքներով ու բռնություններով: Այս մասին դեկտեմբերի 7-ին խորհրդարանում հայտնել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոտանջյանը: Բայցեւայնպես, հասարակության աչքերը վերջապես բացվեցին, հավելել է նա:

«Ես ուրախ եմ: Հիմա արդեն մեր հասարակությունն իրատեսական կդառնա քաղաքականության հարցերում: Կսկսի քաղաքականությամբ զբաղվել: Այսօր ժամը 16:00-ին ես բոլորին հրավիրում եմ «Նոր Հայաստան» շարժման հանրահավաքին՝ Ազատության հրապարակ»,- հայտնել է Փոստանջյանը

Լսելով դահլիճից իշխող կուսակցության պատգամավորներից մեկի ռեպլիկը՝ Փոստանջյանը պատասխանեց. «Ես ձեզ էլ եմ հրավիրում: Դուք նույնպես կարող եք մասնակցել: Այս հանրահավաքը նաեւ ձեր ու ձեր երեխաների ապագայի համար է»:

Նշենք, որ արմատական ընդդիմությունը չի ընդունում դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական բարեփոխումների արդյունքները, որոնցով Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է դառնալու: