2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը Երեւանի Արաբկիր վարչական տարածքում գտնվող թիվ 4/01 տեղամասի հանրաքվեի հանձնաժողովի նախագահ Արմեն Ազոյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 17:00-ի սահմաններում, հիշյալ տեղամասում լրատվամիջոցի ներկայացուցիչ Հակոբ Նազարի-Դեխնավին քվեարկության լրացուցիչ ցուցակների անճշտության հետ կապված անհիմն վիճաբանության մեջ է մտել իր հետ եւ բռնություն է կիրառել իր նկատմամբ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ բացի այդ, Հակոբ Նազարի-Դեխնավին իր գործողություններով խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի  աշխատանքին:

Հակոբ Նազարի-Դեխնավին, իր հերթին, հաղորդում է տվել, որ Երեւանի Արաբկիր վարչական տարածքում գտնվող տեղամասի հանրաքվեի հանձնաժողովի նախագահ Արմեն Ազոյանն իր նկատմամբ բռնություն է կիրառել:

Հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Տեղեկացնենք նաեւ, որ ընտրախախտումների վերաբերյալ այլ դեպքերով`   զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է մի շարք նյութերի նախապատրաստումը: