TH&C տուրիստական հոլդինգի սեփականատեր Իսմայիլ Լեպիեւը, որին պատկանում է նաեւ «Կոգալիմավիա» ավիաընկերությունը, հայտնել է, որ հոկտեմբերի 31-ին Եգիպտոսի Սինայի թերակղզում կործանված Airbus A321 օդանավի կապակցությամբ ընկերությունը մտադիր է Եգիպտոսի իշխանություններից փոխհատուցում ստանալ։ Ինչպես պարզաբանել է Իսմայիլ Լեպիեւը, «Կոգալիմավիա»-ն մտադիր է Կահիրեի հետ համաձայնության գալ արտադատարանային կարգով։

«Ինձ համար շատ կարեւոր է ոչ միայն հարցի տնտեսական, այլ նաեւ քաղաքական բաղադրիչը։ Մենք մինչեւ վերջ ջանալու ենք համաձայնության գալ փոխհատուցման շուրջ առանց դատարանի»,- մեջբերում է Forbes-ը Լեպիեւի խոսքը։

Անդրադառնալով հարցին, որ «Կոգալիմավիա»-ն դադարեցրել է թռիչքները, նա հերքեց շուկայից հեռանալու մասին լուրերը՝ նշելով, որ ընկերությունը պետք է այլընտրանքային երթուղի մշակի, որպեսզի շարունակի գործունեությունը։