Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ընտրակեղծիքներն արվել է՝ հնարավոր է ՀԱԿ-ի հրահանգով՝ ընդդիմադիր կեցվածքն ապահովելու համար:

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սահակյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ն ընտրակեղծիքների հետ որեւէ առնչություն չունի:

«Ամբողջ ընտրության ժամանակ հիմնականում բողոքներ չեն եղել: Այդ պատճառով ՀԱԿ-ը նման բան է մտածել, երեւի ընտրակեղծարարությունն արվել է ՀԱԿ-ի հրահանգով, որպեսզի ընդդիմադիր կեցվածքն ապահովի... հիմա քրեական գործեր են հարուցված, քննություն է ընթանում, սպասենք արդյունքներին»,- ասաց Գալուստ Սահակյանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ հանրաքվեն կազմակերպվել է քաղաքական ուժերի համահավաք սկզբունքներով պայմանավորված:

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին վաղ առավոտյան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ հանրաքվեի քվեարկության ժամանակ «Այո» է քվեարկել ընտրողների 825 851 ընտրող (63,35 տոկոսը), «Ոչ»՝ 421600 ընտրող (32,35 տոկոսը):

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 53 332, անճշտությունների թիվը՝ 824: