Guardian թերթը հրապարակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղտնի փաստաթղթերը, որոնք բացահայտում են Իրաքի ու Սիրիայի տարածքում պետություն կառուցելու ջիհադականների ծրագրերը:

24 էջանոց փաստաթուղթը ներառում է տնտեսական ծրագիր, որտեղ մանրակրկիտ նկարագրված է, թե ինչպես պետք է գործի ահաբեկչական քարոզչությունը, նաեւ թե ինչ միջոցներով է հնարավոր կենտրոնացված վերահսոկղություն սահմանել նավթի, գազի ու ֆինանսական այլ կարեւոր աղբյուրների վրա: Փաստաթղթերում անդրադառնում են նաեւ առողջապահությանը, կրթությանը, առեւտրին ու խմբավորման անդամների համար աշխատատեղերի ստեղծմանը, հայտնում է Gazeta-ն:

Փաստաթղթերը հայտնում են, որ ԻՊ-ն ծրագրում է առանձին մարզական ճամբարներ կառուցել կանոնավոր զորքերի ու վետերան -զինյալների համար: Ըստ սահմանված կանոնների, փորձառու զինյալներն ամեն տարի պարտավոր են «որակավորման բարձրացման» երկշաբաթվա դասընթացներ անցնել: Ըստ փաստաթղթերից ստացված տվյալների՝ ԻՊ-ն սովորեցնում է «մարտարվեստ »՝ այդ թվում երեխաներին:

Տեքստում շեշտված է խմբավորման բոլոր անդամների համար միասնական մշակույթ ստեղծելու անհրաժեշտությունը, նաեւ նշված է կազմակերպության ինքնաբավության կարեւորությունը, որը կարելի է ապահովել ռազմական ապրանքներ ու սննդամթերք արտադրող սեփական արտադրամասեր կառուցելու ճանապարհով: Այսպիսով, այս պահին ԻՊ-ն «դառնում է ավելին, քան պարզապես խմբավորման անդամների համագումար»,- համարում է հոդվածագիրը: