ՆԱՏՕ-ն բացառում է ցամաքային ուժերի առաքումը Սիրիա «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարելու համար: Այդ մասին շվեյցարական «Tages-Anzeiger» պարբերականին տված հարցազրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
Նրա խոսքով, անհրաժեշտ է ամրապնդել տեղական ուժերը: Սիրիա ցամաքային ուժերի ուղարկման հարց, Յենս Սթոլթենբերգի խոսքով, դաշինքի եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների օրակարգում չկա: «ԱՄՆ-ը սահմանափակ քանակով հատուկ զինված ուժեր ունի: Սակայն առաջնահերթությունը տեղական ուժերի ամրապնդումն է: Դա հեշտ չէ, բայց դա միակ տարբերակն է», - ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նրա համոզմամբ, սա Արեւմուտքի եւ իսլամական աշխարհի միջեւ պատերազմ չէ, սա պատերազմ է ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ: «Մահմեդականներն առաջնային գծում են: Զոհերի մեծամասնությունը մահմեդականներ են, ԻՊ-ի դեմ պայքարողների մեծամասնությունը եւս` մահմեդականներ: Մենք չենք կարող շարունակել պայքարը նրանց փոխարեն», - հավելել է Յենս Սթոլթենբերգը, նրա խոսքերն է մեջբերում Reuters-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ նշել է, որ Դաշինքը Թուրքիային կօգնի ամրապնդել օդային պաշտպանությունը կործանված ռուսական ռազմական ինքնաթիռի միջադեպից հետո: «ՆԱՏՕ-ն մինչեւ Սուրբ Ծնունդ Թուրքիայի վերաբերյալ միջոցների փաթեթ կհամաձայնեցնի», - հավելել է Յենս Սթոլթենբերգը:




























