Իշխանությունը պետք է փոխել ոչ թե ցույցերով, այլ ընտրություններով։ Այս մասին դեկտեմբերի 8-ին լրագրողներին ասել է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։

Հարցին, թե կմիանա արդյոք ՕԵԿ-ը հանրաքվեի արդյունքները չեղարկելու ընդդիմության պահանջներին, Շահգելդյանը նշել է, որ ցանկացած պահանջ պետք է համեմատելի լինի իրականության հետ։ «Մենք նրանց հետ խոսել ենք այդ մասին։ Հարց կար, թե հնարավոր է արդյոք վիճարկել ձայների նման քանակ։ Ես անձամբ կասկածում եմ։ Ամեն հարցի պետք է իրատեսորեն մոտենալ։ Իսկ առհասարակ մենք համագործակցությանը դեմ չենք։ Մենք համագործակցում ենք տեղամասային ընտրական հանձնաժողովների հետ,  կաշխատենք միասին նաեւ հանրաքվեից հետո»,- հավելել է նա։

Ինչ վերաբերում է հանրահավաքներին, ապա պետք չէ կարծել, թե դրանց միջոցով հնարավոր է հասնել իշխանափոխության։ ՕԵԿ ներկայացուցչի խոսքով՝ 2017թ. ընտրություններ են լինելու, եւ այդ հնարավորությունը պետք է օգտագործել առավելագույնս։ «Այդ պատճառով շատ կարեւոր է, թե ինչպիսին կլինի նոր Ընտրական օրենսգիրքը, որի վրա աշխատում է արդեն 5 ընդդիմադիր քաղաքական ուժ։ Դրա նախագիծը մենք արդեն ներկայացրել ենք ԵԽԽՎ։ Մի խոսքով՝ պետք է պայքարել»,- եզրափակել է Շահգելդյանը։