Վերջին մեկ շաբաթվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում ընկնելու ու տարբեր աստիճանի վնասվածքներ ու կոտրվածքներ ստանալու հետևանքով Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 56 մարդ:
Տուժածներն ստացել են ուղեղի ցնցում, սալջարդ, վերին և ստորին վերջույթների կոտրվածքներ: Վանաձորի բժշկական կենտրոնի գրանցամատյանում գրանցված տուժածներից 31-ը կանայք են, 25-ը՝ տղամարդիկ:
Բժիշկները նշում են, որ հատկապես դեկտեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում հոսքն այնքան մեծ է եղել, որ չէին հասցնում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել հիվանդներին:
Ինչպես տուժածներն են հավաստում, գերակշիռ մասն ընկել է հենց քաղաքի կենտրոնական փողոցներում:
70-ամյա Գյուլնարա Խարազյանն ընկել է դեկտեմբերի 7-ի առավոտյան, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանում գնալու ճանապարհին: Ուղեղի ցնցում ու սալջարդ է ստացել:
«Գնացել էի, որ գարաժի վարձակալության իրավունքի տեղեկանքը վերցնեմ, էն էլ չհասա: Ընկա, բերին հիվանդանոց: Սառած էր, էն էլ ինչ ձևի: Վարորդը կանգնել ա, որ ինձ օգնություն ցույց տա, մեքենան փախչում էր: Ահավոր են փողոցները, անհարմար էլ ա մեր քաղաքապետի համար, մի հատ փողոցներին ուշադրություն չեն դարձնում: Մեղք ա ժողովուրդը»,- NEWS.am–ի հետ զրույցում ասաց տիկին Գյուլնարան:
Չնայած Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության ու բարեկարգման բաժնից հավաստում են, որ դեկտեմբերի 3-ին գրանցված ձյան առատ տեղումներից հետո փողոցներում առ այսօր շարունակվում են մաքրման աշխատանքները, վանաձորցիները դժգոհ են փողոցների վիճակից:
Մեր այցի պահին հիվանդանոց ընդունվեց կոտրվածքներով ևս երեք հիվանդ: Նրանցից մեկը նշեց, որ ընկել է ավտոկայանի հարակից տարածքում, ինչի հետևանքով վնասել էր գլուխը:



























