ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հերքում է 1998թ. Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության մեջ իր մասնակցությունը։
«Պետուխովի սպանության գործով բաց աղբյուրներում արդեն բավականին տեղեկություններ կան։ Կարճ կասեմ. սպանությունը բացահայտվել է այդ նույն տարի։ Կատարողներին գտել էին եւ կալանավորել, հետո նրանք ազատ էին արձակվել եւ սպանվել»,- ասել է Խոորկովսկին։
«ՅՈՒԿՕՍ-ի աշխատակիցներին սպանությանը կապելու կեղծ փորձը ձեռնարկվել է 2003թ. կաշառակերության մասին իմ ելույթից հետո»,- ասել է Խոդորկովսկին՝ նշելով, որ մեղադրանքները կեղծ են եղել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ չի ներկայանալու Քննչական կոմիտեի հարցաքննությանը եւ մտադիր չէ մասնակցել քննչական գործողություններին։ «Ես կարող եմ ասել, որ չեմ մասնակցելու այդ շոուին»,- ասել է Խոդորկովսկին։
Միաժամանակ իրավիճակին քաջատեղյակ աղբյուրը հայտնել է, որ ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել հեռակա կարգով։ «Եթե նա դեկտեմբերի 11-ին չներկայանա հարցաքննության, քննիչները կարող են միջնորդություն ներկայացնել նրան հեռակա կարգով կալանավորելու եւ միջազգային հետախուզում սկսելու մասին»,- ասել է աղբյուրը։



























