Կրասնոդարի մարզի Տուապսեի շրջանի թիվ 2 Կենտրոնական շրջանային ծննդատան աշխատակիցները, որտեղ մահացել է   24-ամյա Յանա Պլակսիյը, նրա ընտանիքին չեն տեղեկացրել պատահածի մասին: 

«Մեզ ոչ ոք չի հայտնել Յանայի մահվան մասին: Ոչ ոք,» -   NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է մահացածի մայրը` Մանուշակ Մելքոնյանը:  

Վալենտինայի` Յանայի կրտսեր քրոջ խոսքով, երբ ինքը ազգականուհու եւ Յանայի ամուսնու` Վլադիմիրի հետ գնացել է հիվանդանոց քրոջ վիճակի մասին տեղեկանալու, իրենց ներս չեն թողել: 

«Միայն Վովային ներս թողեցին: Ես չդիմացա, նույնպես ներս վազեցի ու տեսա, որ նա լաց է լինում: Սկզբում մտածեցի, թե երեխայի հետ կապված խնդիր կա, հետո ասացին, որ Յանան մահացել է: Մենք հարցեր էինք տալիս, թե ինչպես է եղել: Նրանք ասացին, որ Յանան արդեն Տուապսեի դիահերձարանում է: Մենք անմիջապես այնտեղ գնացինք, բայց մեզ ասացին, որ նրան չեն բերել:  Մենք հետ եկանք, նա դեռ հիվանդանոցում էր», - պատմել է Վալենտինան:

Թե դեկտեմբերի 2-ին ինչ է պատահել հիվանդանոցում, երիտասարդ կնոջ հարազատները մինչեւ հիմա չեն կարողանում պարզել: Մանուշակը խոսել է բժշկուհու հետ, սակայն տեղի ունեցածի մասին հստակ տեղեկություններ բժիշկը չի տալիս: 

«Նա րոպե առ րոպե, ժամ առ ժամ պատմել է, թե ինչ է արել դեկտեմբերի  2-ին: Մյուս բոլոր հարցերին լռությամբ է պատասխանել: Ես մի վարկած ունեմ: Աղջկաս փորն ուժեղ ցավում էր, նրան «տրամալ» են ներարկել ու գնացել են: Որոշ ժամանակ անց նա մահացել է անաֆիլակտիկ շոկից: Մենակ» - ասել է Մանուշակը:

Ծննդկանի մահվան փաստով արդեն քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ-ի 109 հոդվածի 2-րդ մասով  («Անզգուշության հետեւանքով կյանքին հասցված վնաս իր  մասնագիտական պարտականությունները  ոչ պատշաճ կատարող  անձի կողմից»):

Բժշկուհի Լարիսա Առաքելովան հեռացվել է աշխատանքից: Գլխավոր բժիշկը արձակուրդ է գնացել: 

«Ծննդատունը փակվել է մաքրման, թե վերանորոգման համար, հասկանալի չէ, թե ինչն է պատճառը», - ասել է Մանուշակը:

Յանան Վլադիմիր Պլակսիյի հետ ամուսնացել էր  4 տարի առաջ: Մեկ տարի անց երիտասարդ զույգի ընտանիքում տղա էր ծնվել` Տիգրանը: Երեխան արդեն  3 տարեկան է: Իսկ դեկտեմբերի 2-ին ընտանիքում սպասում էին աղջկա` Էմիլիայի ծննդին:  

«Իմ Յանան էլ չկա, ոչ էլ Էմիլիան։ Մենք նրանց նույն դագաղում թաղեցինք», - հավելել է Մանուշակը: