Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության գործով դեկտեմբերի 18-ի դատավարության հետ կապված արդեն տեխնիկական խնդիրներ են ի հայտ եկել: 

Հիշեցնենք, որ նախատեսված է դատավարությունն անցկացնել կայազորային  դատարանում` Գյումրիում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի  տարածքում: Այդ դատարանում արդեն տեղի է ունեցել դատական նիստ  նույն մեղադրվող, ռուսաստանցի զինվորական Վալերի Պերմյակովի գործով:   Այն ժամանակ լսվում էր դասալքության եւ տաբելային զենքի գողության վերաբերյալ գործը, որը հարուցել էր ռուսական կողմը: 

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը քննելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, իսկ դատը բազայի տարածքում անցկացնելու որոշումն ընդունվել է անվտանգության նկառաումներով: 

Սակայն այդ հանգամանքն արդեն խնդիրներ է առաջ բերել: Հաշվի առնելով, որ բազան ռեժիմային օբյեկտ է, որտեղ այցելելու համար համապատասխան թույլտվություն է անհրաժեշտ,   NEWS.am-ի թղթակիցները դիմել են ռուսական կողմին, որից պատասխան է ստացվել, թե պեռք է դիմել դատարանին, որը բազայի ղեկավարությանը կհանձնի լրատվամիջոցների ներկայացուցիչների անունները: 

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ի զարմանս լրագրողների, միանգամից երեք բավականին հակասական պատասխան հնչեցվեց, որոնք բոլորովին լույս չսփռեցին իրավիճակի վրա: 

Արդյունքում հարցը օդում կախված կմնա` սպառնալով ավարտվել մամուլին դատարան  թողնելուց հրաժարումով:  

Այս դատավարությունը լրատվամիջոցներով լուսաբանելու հարցում իրավասու մարմինների  շահագրգռվածության բացակայությունն առնվազն զարմանք է հարուցում, եթե հաշվի առնենք այն ոչ փոքր ջանքերը, որոնք գործադրվել են, որպեսզի Վալերի Պերմյակովը կանգնի հայկական արդարադատության առաջ: