Անդրիաս Ղուկասյանի երեւակայության արդյունքն է, որ իր դեմ քրեական գործ  հարուցելու սպառնալիք է հնչեցվել, դա հորդոր է եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ անդրադառնալով  Անդրիաս Ղուկասյանի այն հայտարարությանը, թե Վալերի Օսիպյանը զանգահարել է իրեն եւ փոխանցել Վլադիմիր Գասպարյանի խոսքերը, որ եթե երիտասարդներին  ուղղորդի բախումների, իր դեմ քրեական գործ կհարուցեն։

«Սպառնալիք չի եղել, դա Անդրիաս Ղուկասյանի երեւակայության արդյունքն է, թե սպառնացել եմ, ուղղակի հորդորել եմ Անդրիաս Ղուկասյանին ոստիկանության տարածած հաղորդագրության շրջանակներում, որ նա երթերն ու հավաքները առաջնորդի միայն օրենքներով։ Սա է եղել»,-ասաց Վալերի Օսիպյանը՝ հրաժարվելով արձագանքել Ղուկասյանի այն առաջարկին, որ ոստիկանները մասնակցեն ժողովներին ու լսեն, որ ամեն ինչ իրականացվում է ցուցարարների սահմանադրական իրավունքի շրջանակում։

 Ավելի վաղ NEWS.am-ի  հետ զրույցում  «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանը հայտնել էր, որ իրեն զանգահարել է Երեւանի փոխոստիկանապետ վալերի Օսիպյանը եւ սպառնացել, որ իր դեմ քրեական գործ կհարուցեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ասաց Անդրիաս Ղուկասյանը։

«Ինձ զանգահարել է գնդապետ Վալերի Օսիպյանը եւ փոխանցել Վլադիմիր Գասպարյանի խոսքերը, որ ոստիկանությունը դիտարկում է երիտասարդների տրամադրությունը բախումների տանող գործողություններ եւ ինձ դիտարկում է այդ գործողությունների նախաձեռնողը, եւ ասել է, որ քրեական պատժի կենթարկեն նման զարգացումների դեպքում»,-ասաց Ղուկասյանը՝ մանրամասնելով, թե խոսքը իրենց ժողովների ժամանակ հնչած այն հայտարարությունների մասին է, որ շրջափակեն Բաղրամյան պողոտան։

Ղուկասյանը նշեց, որ այսօր էլ են շարունակվում իրենց ժողովը, որի ժամանակ ճակատի երիտասարդները քննարկելու են քաղաքացիների իրավուքները ոտնահարելու դեմ ընդվզումներ իրականացնելու հարցը, ինչը իրենց սահմանադրական իրավունքն է։

«Այսօր ժողովը շարունակվում է «Նոր Հայաստան»-ի շտաբում, եւ հրավիրում եմ ոստիկանության ներկայացուցիչներին մասնակցել այդ ժողովին, որպեսզի համոզվեն, որ երիտասարդների կողմից որեւէ սադրիչ գործողություններ չեն նախապատարստվում։ Այն իրավունքները, որոնք քաղացիներն ունեն սահմանադրական անհնազադություն իրականացնելու շրջանակում, իրենք պատրաստվում են դա իրականացնել»,-նշել էր Անդրիաս Ղուկասյանը։