ՌԴ Կենտրոնական բանկը 2016 թվականի առաջին եռամսյակում նավթի Urals տեսակի գների սահուն վերականգնում է կանխատեսում: Ընդ որում, 2015 թվականի վերջին գինը կպահպանի ընթացիկ մակարդակը: Այս մասին ասված է ՌԴ ԿԲ-ի՝ դրամավարկային քաղաքականության մասին զեկույցում:

«Գների աճին կնպաստի ՕՊԵԿ-ի մաս չկազմող երկրներում 2016 թվականին օրական միջին 0.3-0.6 մլն բարելով առաջարկի նվազումը՝ հանքերում ներդրումների եւ 2015 թվականին ավելի քան 20%-ով արդյունահանման կրճատման արդյունքում»,- ասված է զեկույցում:

«Հիմնական սցենարի համաձայն, 2016-2018 թվականներին նավթի Urals տեսակի գինը կկայունանա մեկ բարելը 50 դոլարի սահմաններում: Լավատեսական սցենարով 2017 թվականին մեկ բարելը մինչեւ 75 դոլարի չափով գին է կանխատեսվում: Իսկ ռիսկային սցենարով 2016 թվականին մեկ բարելը մինչեւ 35 դոլարի չափով գին է սպասվում»,- նշված է փաստաթղթում: