Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեն աննախադեպ էր ընտրակեղծիքների առումով. տեղական եւ միջազգային դիտորդների, լրագրողների, վստահված անձանց կողմից հայտնաբերվել են լցոնումների, բազմակի քվեարկությունների, արձանգրությունների կեղծման հարյուրավոր դեպքեր, բազմաթիվ ընտրատեղամասերում բռնությամբ խոչընդոտվել է լրագրողների, վստահված անձանց, հանձնաժողովների անդամների աշխատանքը: Այս մասին հայտարարություն է տարածել «Չեք անցկացնի» նախաձեռնությունը:
Նախաձեռնության հայտարարությունում նաեւ ասվում է.
«Ընտրախախտումները կրել են զանգվածային եւ համակարգված բնույթ, ղեկավարվել են մեկ կենտրոնից, ընտրակեղծարարության հեղինակները գործել են բացարձակ անպատժելիության պայմաններում: Արդյունքում ամբողջովին նենգափոխել են քվեարկության արդյունքները, թույլ չեն տվել, որպեսզի տեղի ունենա հասարակության ազատ կամարտահայտում: Պաշտոնապես հայտարարված արդյունքները զուրկ են լեգիտիմությունից:
Դեկտեմբերի 6-ը նշանավորվեց ոչ միայն համատարած ընտրակեղծարարությամբ, այլեւ Հայաստանի քաղաքացիների քաղաքացիական բարձր գիտակցությամբ եւ քաղաքական հասունության դրսեւորմամբ: Հանրության մեծամասնությունը մասնակցեց քվեարկությանը եւ ՈՉ ասեց Սերժ Սարգսյանի վերարտադրության նախագծին՝ այդ կերպ իր անվստահությունը հայտնելով վերջինիս:
Քվեարկության օրը ընտրատեղամասերում ընտրակեղծիքների դեմ պայքարել են բազմաթիվ վստահված անձինք, դիտորդներ, հանձնաժողովի անդամներ, լրագրողներ, որոնց սկզբունքային եւ ազնիվ կեցվածքի եւ մինչեւ վերջ անկոտրում մնալու կարողության արդյունքում հարյուրավոր ընտրատեղամասերում չի հաջողվել ապահովել ԱՅՈ-ի կեղծ հաղթանակ:
«Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը իր խորին երախտագիտությունն է հայտնում ինչպես այն հարյուր հազարավոր քաղաքացիներին, ովքեր գնացին ընտրատեղամասեր եւ ՈՉ քվեարկեցին, այնպես էլ բոլորին, ովքեր, հաճախ վտանգելով իրենց` պահպանեցին քաղաքացիների ձայները:
Մենք մեր առանձնահատուկ ջերմ վերաբերմունքն ենք արտահայտում այն քաղաքացիների հանդեպ, ովքեր աջակցեցին մեզ քարոզարշավի շրջանում եւ քվեարկության օրը: Միայն ձեր օգնության շնորհիվ հնարավոր եղավ դեռ սեպտեմբերից կազմակերպել հանրահավաքներ Երեւանում եւ մարզերում, փողոցային ակցիաներ, տպագրել հարյուրհազարավոր օրինակներով թռուցիկներ, թերթեր, պաստառներ, օգտվել վճարովի եթերաժամանակից: Առանց այս ամենի անհնար կլիներ քաղաքացիներին հասցնել ՈՉ-ի տեսակետները: Իսկ քվեարկության օրը, բոլոր այն տեղամասերում, որտեղ վերահսկողություն են իրականացրել նախաձեռնության դիտորդները, հաջողվել է պաշտոնական արձանագրություններում ամրագրել ՈՉ-ի հաղթանակը:
Մենք վստահեցնում ենք, որ շարունակելու ենք մեր ջանքերը մեր համախոհների եւ Հայաստանի քաղաքացիների հետ՝ հաստատելու ժողովրդավարական կարգեր երկրում: Հայաստանի քաղաքացին պետք է իր քվեով իշխանություն ձեւավորելու հնարավորություն ունենա եւ այս նվաճմանը հասնելը մենք համարում ենք մեր առաքելությունը:




























