Վիեննայում դեկտեմբերի 9-11-ին, կայացել է Միջազգային hակակոռուպցիոն ակադեմիայի անդամ-պետությունների վեհաժողովի 4-րդ նստաշրջանը, որտեղ ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում առկա խնդիրները եւ նվաճումները:

Նստաշրջանին մասնակցել են Միջազգային hակակռուպցիոն ակադեմիայի շուրջ 50 անդամ-պետությունների եւ միջազգային կազմակերպությունների պաշտոնական պատվիրակություններ:

ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ պաշտոնական պատվիրակությունը ներկայացնում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը եւ ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:

Դեկտեմբերի 9-ին Վեհաժողովում ունեցած իր ելույթում Վիգեն Քոչարյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող աշխատանքներին: Մասնավորապես` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթություններից է, եւ մեր պետության կողմից իրականացվող կարեւոր միջոցառումներից առանձնացրել է ՀՀ 2015-2018թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության եւ գործողությունների ծրագրի ընդունումը, Հակակոռուպցիոն խորհրդի ստեղծումը եւ մի շարք նոր իրավակարգավորումների ներդրումը:

Վիգեն Քոչարյանը ներկայացրել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում առկա խնդիրները եւ նվաճումները, որոնք գնահատման առարկա են դարձել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից:

Համատեղ քննարկումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս ոլորտում միջազգային համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, ինչի առաջին քայլը դարձավ ՀՀ Արդարադատության ակադեմիայի եւ Վիեննայի Միջազգային հակակառուպցիոն ակադեմիայի փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, ինչը կայուն հիմք կհանդիսանա երկու կառույցների փոխգործակցության համար: