Թուրքական ավիացիայի հարձակումը ռուսական Սու-24 ռազմական օդանավի վրա ոչնչացրեց Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ զարգացող տնտեսական հարաբերությունները, գրում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Al Monitor-ին:
Դրանից հետո Ռուսաստանը հայտարարեց պատժամիջոցներ սահմանելու եւ երկրների միջեւ վիզայի ռեժիմ մտցնելու մասին, ինչպես նաեւ իր քաղաքացիներին պաշտոնապես կոչ արեց չմեկնել Թուրքիա: Չնայած Սու-24-ի միջադեպից հետո ռուսական իշխանությունների ցասումին, նրանք հայտնել են, որ ռազմական պատասխանի տարբերակներ չեն դիտարկում: Այնուամենայնիվ, Ռուսաստանը Թուրքիայի դեմ, առանց ռազմական տարբերակների էլ, հզոր հաղթաթղթեր ունի, հիշեցնում է պարբերականը:
Հաղթաթղթերից գլխավորը գազն է: Ռուսաստանը «Թուրքական հոսք» էներգետիկ նախագիծը նախաձեռնել էր, որպեսզի կապույտ վառելիքը Եվրոպային հասցներ` շրջանցելով Ուկրաինան: Ենթադրվում էր, որ խողովակաշարով տարեկան 60 մլրդ խորանարդ մետր գազ կառաքվի, որը կկարողանար ապահովել Եվրամիության եւ Թուրքիայի պահանջները: Ռուսաստանի հետ այս նախագիծը կարող էր Թուրքիային դարձնել «էներգետիկ շուկայում խոշոր խաղացող», ասվում է հոդվածում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Այժմ նախագծի վերաբերյալ բանակցությունները դադարեցված են, եւ չնայած դրա փակման վերաբերյալ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել, Թուրքիան արդեն նախապատրաստվում է վատագույնին: Երկիրն ամեն տարի սպառում է 50 մլրդ խորանարդ մետր գազ, որից Ռուսաստանը մատակարարում է 26-ը: Բացի այդ, թուրքական գազապահեստարանները Եվրոպայում ծավալով ամենափոքրն են եւ երկիրը կապույտ վառելիքի կանոնավոր մատակարարումների կարիք ունի:
Այսպիսով` Թուրքիայի համար «կենսականորեն անհրաժեշտ է գազի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ գտնել»: Հենց այդ պատճառով թուրքական իշխանությունները շտապեցին Կատարի հետ գազի մատակարարման համաձայնագիր ստորագրել: Այժմ Անկարան էներգետիկայի ոլորտում բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ եւ նախատեսում է բանակցություններ սկսել Իրաքի հետ: Սակայն Թուրքիան չպետք է Եգիպտոսից մատակարարումների հույս ունենա, որովհետեւ երկրների հարաբերությունները լավագույնը չեն եւ Իսրայելի հետ համագործակցությունը եւս հարցականի տակ է:
Մինչ երկրի պաշտոնատար անձինք ասում են, թե չարժե չափազանց վատատեսական դիրքորոշում ունենալ Ռուսաստան թուրքական սննդամթերքի ներմուծման արգելքին, ընդդիմադիր քաղաքական գործիչները հակված չեն նման լավատեսության:
«Դեպի Ռուսաստան մեր արտահանման ընդհանուր ծավալը վեց մլրդ դոլար է: Մենք մոտավորապես վեց մլրդ էլ վաստակում ենք 4,5 մլն ռուսաստանցի զբոսաշրջիկներից: 2014-ին նրանք մոտ 8,5 մլրդ դոլար են ծախսել այն հագուստի գնման վրա, որը հետագայում վաճառել են Ռուսաստանում: Մեր կապալառուները Ռուսաստանում 2,3 մլրդ դոլար կազմող նախագծերով են զբաղվում: Երբ այս ամենը գումարում եք, գումարը գերազանցում է 20 մլրդ դոլարը: Անթալիան Ռուսաստանին մատակարարում էր բանջարեղենի եւ մրգերի մեծ մասը: Այժմ այդ արտահանումը դադարել է: Արտադրանքը կամ մնում է ծառերին կամ ուղարկվում է պահեստներ: Հյուրանոցները կիսով չափ նվազեցրել են գները: Այժմ զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործազրկություն է լինելու: Սա աղետալի իրավիճակ է», — Թուրքիայի հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ, Անթալիայից պատգամավոր Չեթին Օսման Բուդակի խոսքերն է մեջբերում պարբերականը:



























