Անհնար է ընտրական հանձնաժողովում իր աշխատանքները կատարելու համար ուսուցչին դպրոցից ազատեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ անդրադառնալով  Երեւանի 145 դպրոցի ուսուցիչ Կարպիս Փաշոյանին աշխատանքից հեռացնելու հարցին: 

Նշենք, որ Կարպիս Փաշոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իրեն աշխատանքից հեռացրել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը խախտումները կանխելու համար: Նա եղել է Կոնդում տեղակայված 9/22 տեղամասում, որտեղ թույլ չի տվել, որ կեղծիքներ տեղի ունենան, ինչի արդյունքում «Ոչ»-ը հաղթել է:

Կարինե Աճեմյանը, որն ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, մեզ հետ զրույցում ասաց, որ այս դեպքի մասին կարդացել է լրատվամիջոցներում, մանրամասներին տեղյակ չէ, բայց չի հավատում, որ կարող է նման բան լինել: Միաժամանակ հավելեց.

«Սա երեւի այն հարթության մեջ է, որ երբեմն մարդիկ ուզում են՝ իբրեւ օգտակար բան անեն, բայց հակառակն են անում, եթե, իհարկե, սա այդ դեպքն է»: Հարցին, թե ինչու այս հարցը չեն դարձնում քննարկման առարկա, ի վերջո հեռացման հարցը աղմուկ է բարձրացրել, որը հեղինակազրկում է կրթության ոլորտը, պատասխանեց.  «Ես այս խնդրին մանրամասն տեղյակ չեմ, աչքովս է ընկել, բայց համարում եմ, որ անհնար է մարդուն հանձնաժողովում իր պարտականությունները կատարելու համար հեռացնեն աշխատանքից»,-պնդեց Կարինե Աճեմյանը:

Փոխարենը ՀՀԿ-ական պատգամավորը մտահոգված է այն հարցով, որ այս օրերին  սոցիալական ցանցերում  պարսավանքի են ենթարկվում այն դպրոցների տնօրեններն ու մանկավարժները, ովքեր ընտրատեղամասերում մասնակից են եղել արձանագրված ընտրախախտումներին;

«Թացը չորին խառնել չի կարելի, չի կարելի մարդկանց հեղինակության հետ խաղալ: Սրանով պիտի զբաղվեն իրավապահ մարմինները, ինքնագործունեությունը համարում եմ անթույլատրելի, ի վերջո խոսում ենք մարդկանց, մանկավարժների հեղինակության մասին»,-նեղսրտեց պատգամավորը:

 Դիտարկմանը, թե մի գուցե  իշխանությունը մանկավարժներին, դպրոցի տնօրեններին զերծ պահի ընտրական գործընթացներից՝ նրանց չներքաշելով այս քաղաքական պայքարի մեջ, Աճեմյանն ասաց.  «Ընտրական գործընթացով զբաղվում են աշխատանքից դուրս, դա մարդու իրավունք է, որը մենք չենք կարող խախտել, պարզապես բոլորը պիտի այդ պատասխանատվությունը զգան ու չչարաշահեն եւ դա հենց մեր Հանրապետական կուսակցության խնդիրն է, ինչի մասին միշտ քննարկվում է խորհրդի նիստում: Նրանք պետք է իրենց պարտականությունները այնպես կատարեն, որպեսզի  խոսակցության առիթ չլինի»: