Արարատի մարզի Նոր կյանք գյուղում այսօր՝ դեկտեմբերի 14-ին, գլխի մասում հրազենային վնասվածքով հայտնաբերված տղամարդու մահվան միակ վարկածը, որ շրջանառվում է գյուղում, ինքնասպանությունն է: Նոր Կյանքի գյուղապետ Մայիս Աբրահամյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հարեւանները լսել են, ինչպես է նա տանիքում որսորդական հրացանով կրակել երկու անգամ, ինչից հետո նրան մահացած են հայտնաբերել:

«Հարեւանները լսել են, որ մի անգամ կրակել է հողամասի կողմ, հետո բարձրացել ա տանիք ու կրակել իրա վրա: Հարեւանները տեղեկարցին, որ կրակոցներ ենք լսել, հետո գնացինք, ինչքան ձայն տվեցին, չկար: Սեղանին օղի էր, որ խմել, մի քիչ թթու էր զակուսկի արել»,- ասաց Մայիս Աբրահամյանը:

Գյուղապետը նշեց, որ վերջին տարիներին տղամարդը շատ էր խմիչք օգտագործում: Դեպքից 2 օր առաջ էլ, երբ վերադարձել էր արտագնա աշխատանքից, վիճել էր կնոջ հետ, ինչից հետո կինը որդու հետ հեռացել էր տնից: Նրանց մյուս որդին ծառայում է բանակում, դուստրն ամուսնացած է:

Քննչական կոմիտեում դեպքով քննություն է ընթանում: