Վանաձորում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մի ամբողջ ընտանիք է թունավորվել, որից 2-ը՝ մանկահասակ երեխաներ: Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ գիշերը ժամը 00:10-ի սահմաններում ԱԻՆ մարզային վարչություն ստացվել է ահազանգ, որ Տարոն 2 թաղամասի բնակարաններից մեկի բոլոր բնակիչները թունավորվել են եւ անօգնական վիճակում ընկած են գետնին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու շտապօգնության բրիգադը նշված տան բնակիչներ, 30-ամյա Ք. Հ.-ին, 4-ամյա Եվա եւ 3-ամյա Դ. Եթիմյաններին տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, իսկ 26-ամյա Ռ. Հարությունյանը եւ 54-ամյա Ռ. Քոչինյանը՝ Սրտաբանական հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:
NEWS.am-ի տեղեկություններով, ընտանիքը թունավորվել է պահածոյացված սնունդ օգտագործելուց: Վանաձորի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ Մարտիրոսյանից փորձեցինք ճշտել տուժածների առողջական վիճակը: Վերջինս կտրականապես հրաժարվեց որեւէ տեղեկություն տրամադրել, սկզբում՝ մուննաթ գալով, հետո արդեն պատճառաբանելով, թե վիրահատության է:
Մանրամասներն՝ առաջիկայում:



























