Քալիֆորնիայում եւ Փարիզում ահաբեկչական գործողություններից հետո ազգային անվտանգության հարցը ԱՄՆ-ի բնակիչների համար անհանգստության հիմնական պատճառն է դարձել, գրում է  The Wall Street Journal թերթը` վկայակոչելով հարցման արդյունքները:  

Պատասխանողների մոտ 40 տոկոսն այն կարծիքին է, որ ազգային անվտանգությունը եւ ահաբեկչության դեմ պայքարը այն հարցերից են, որոնք պիտի առաջնահերթություն լինեն կառավարության համար: Հարցվածների ավելի քան  60 տոկոսը վերոհիշյալ խնդիրներն իրենց կարեւորությամբ երկրորդ տեղում է դասում այն դեպքում, երբ ութ ամիս առաջ այդ ցուցանիշը  39 տոկոս էր կազմում:

Ամերիկացիների համար 2015-ի ամենանշանակալի եւ լուրջ իրադարձությունը դարձել են Փարիզի ահաբեկչական գործողությունները, ինչի կապակցության հարցման մասնակիցների ավելի քան   25 տոկոսը խոստովանել է, որ վախենում է, թե ինքը կամ իր ընտանիքի անդամները ահաբեկչական գրոհի զոհ կդառնան, գրում է  Gazeta-ն:

Նշվում է, որ նման անհանգիստ տրամադրությունները կարող են ազդել առաջիկա նախագահական ընտրությունների վրա, որովհետեւ ազգային անվտանգության խնդիրներով ավանդաբար ավելի մտահոգված են հանրապետականները, քան դեմոկրատները, որոնք հիմնականում կենտրոնացած են երկրի տնտեսության վրա:  Ամենայն հավանականությամբ հանրապետական թեկնածուները կջանան հասարակական կարծիքի այդ փոփոխություններից օգտվել բանավեճերից առաջ, որոնք տեղի կունենան երեքշաբթի երեկոյան` դեկտեմբերի 15-ին: