2015-ը Օսմանյան  կայսրությունում ողբերգական իրադարձությունների հարյուրամյակն է:  Այդ մասին haqqin.az-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Նիկոլայ Լեւիչեւը, որը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի համահեղինակն է:  

«Ուզում եմ մեջբերել Հռոմի պապին, որն ասել է, որ  «հայերի ցեղասպանությունը»  XX դարի առաջին ցեղասպանությունը եղավ: Ամբողջ տարվա ընթացքում տեղի ունեցան այդ ողբերգության  100-ամյա տարելիցին նվիրված իրադարձություններ:  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլին Երեւան այցելեցին, որտեղ մասնակցեցին սգո արարողություններին: Այդ նույն ամսում իմ ղեկավարած խորհրդարանական պատվիրակությունը մասնակցեց   «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումին, նշել է ռուսաստանցի պատգամավորը: Նա հիշեցրել է, որ 2014-ի նոյեմբերին «Արդար Ռուսաստանը» անցկացրել է «Ցեղասպանությունը ժողովուրդների պատմական հիշողությունում եւ արդիականության տեղեկատվական պատերազմներում» միջազգային համաժողովը: Բացի այդ, ապրիլի 15-ին Եվրոխորհրդարանը Հայոց ցեղասպանության   100-ամյա տարելիցին նվիրված որոշում ընդունեց` Թուրքիային կոչ անելով ճանաչել այդ հանցագործությունը: «Այդ պատճառով 2015-ի տրամաբանական ավարտը դարձավ հարյուրամյա հնության ողբերգության ժխտումը քրեականացնելու մասին նախաձեռնությունը», - նշել է Նիկոլայ Լեւիչեւը:

Պատասխանելով այն մեկնաբանություններին, թե «Ռուսաստանի կազմի մեջ մտնող թուրքական հանրապետությունները եւս ընդհանուր առմամբ 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն չեն ընդունում», Նիկոլայ Լեւիչեւը հակադարձել է.  «Առաջին անգամ եմ լսում, որ Բաշկորտոստանը կամ Թաթարստանը չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Ավելին, Ռուսաստանը դեռեւս  1995-ին Պետական Դումայի որոշմամբ ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը»:

Խոսելով ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին, ռուսաստանցի պատգամավորը նշել է.  «Ինչ վերաբերում է Ռուսաստանի քաղաքացի ադրբեջանցիներին, նրանք պիտի ապրեն Ռուսաստանի Դաշնության օրենքների համաձայն: Եթե այդ օրինագիծն ընդունվի, դրա իրագործումը պարտադիր կլինի Ռուսաստանի բոլոր քաղաքացիների համար, անկախ նրանց ազգային կամ կրոնական պատկանելիությունից: Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքացիներին, որոնք Ռուսաստան են գալիս աշխատելու կամ սովորելու համար, նրանք պարտավոր կլինեն հարգել իրենց կեցության երկրի օրենքները: Այստեղ ի՞նչ հարց կարող է ինել: Նրանք եւս պիտի ընդունեն Հայոց ցեղասպանությունը»: