Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադեն առողջության վատթարացման մասին լուրերի ֆոնին, երկարատեւ բացակայությունից հետո, վերջապես ներկայացել է հանրությանը:

Հեռուստատեսությամբ ցուցադրել են, թե թագավորն ինչպես է ընդունում դատավորների երդումը: Արարողությունն անցկացվել է Բանգկոկի հիվանդանոցում, որտեղ նա թոքերի վարակի հայտնաբերումից հետո բուժվում է:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, միապետի առողջության վատթարացման մասին լուրերը կրկին տարածվեցին այն բանից հետո, երբ Պումիպոն Ադուլյադեն դեկտեմբերի 5-ին չհայտնվեց իր 88-ամյակի տոնակատարությանը: Անցյալ տարի նույնպես նա տոնական միջոցառումներին ներկա չէր եղել առողջական խնդիրների պատճառով:

Պումիպոն Ադուլյադեն թագադրվել է 1950 թվականին եւ Թաիլանդի պատմության մեջ բոլոր միապետերից ամենաերկարն է կառավարում երկիրը: Դա երկրում նրա անառարկելի հեղինակության պատճառներից մեկն է: