Հայաստանի խորհրդարանը 1-ին ընթերցմամբ օրինագիծ է ընդունել գյուղերի եւ փոքր քաղաքների գոտիական գլխավոր հատակագծերի մասին: «Քաղաքաշինության մասին»   օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվել  85 կողմ,  2 դեմ եւ 7 ձեռնպահ ձայնով:

Օրինագիծը նախատեսում է տնտեսական, սոցիալական եւ տրանսպորտային առումով իրար կապված մի քանի գյուղից կազմված փնջերի համար գոտիական գլխավոր հատակագծերի ստեղծում: Գոտիական հատակագծերում կարտացոլվեն նաեւ առանձին գյուղերի եւ քաղաքների զարգացման պահանջմունքները: 

Նշենք, որ երկրի 49 քաղաքից ընդամենը 43-ի համար է հատակագիծ կազմվել, իսկ 866 գյուղական համայնքից միայն 52-ի համար: Այդ հատակագծերի մեծ մասը կազվել է  2004-07 թթ պետբյուջեի միջոցներով:

Գլխավոր հատակագծերի կազմման համար միջոցների մեծ մասը կտրամադրի կառավարությունը, ընդ որում նման մոտեցման դեպքում ծախսերը զգալիորեն կկրճատվեն: Եթե այժմ աշխատանքների ընդհանուր ճակատը գնահատվում է  4,5 – 5 մլրդ դրամ (մինչեւ 10 մլն դոլար եւ ավելի - խմբ), ապա գոտիական հատակագծերի կազմումը ընդհանուր արժեքը կնվազեցնի մինչեւ   1,5 մլրդ: