Արցախը, ըստ էության, միջազգային զբոսաշրջության օբյեկտ է դառնում` առաջարկելով զբոսաշրջային բացառիկ ապրանք: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:
«Հայկական պատմական ժառանգությունը, դյութիչ բնությունը, գյուղերը, պահպանված իսկությունը եւ իհարկե իրենք` արցախցիները, այդ ամենը մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Բացի այդ, վերջին տարիներին զարգանում է երկու գլխավոր զբոսաշրջային երթուղի, որոնք ընդգրկում են ԼՂՀ բոլոր կարեւոր տեսարժան վայրերի գրեթե 90 տոկոսը` հարավից հյուսիս», - նշել է նախարարի տեղակալը:
Նրա խոսքով, 2013-ին ԼՂՀ կառավարությունը որոշում է ընդունել հարավային զբոսաշրջային երթուղու զարգացման վերաբերյալ: «Այսօրվա դրությամբ երթուղու ամբողջ երկարությամբ գործում են պատմամշակութային եւ պատմաբնական արգելոցներ, BnB կարգի կեցավայրեր, հյուրանոցներ, վերանորոգվել են ճանապարհները եւ այլն»: 2016-ին նախատեսվում է գործարկել հյուսիսային զբոսաշրջային երթուղու ծրագիրը, հավելել է Սերգեյ Շահվերդյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ աշխատանք է կատարվում զբոսաշրջության զարգացման համար, նախարարի տեղակալը նշել է, որ ինչպես նախորդ տարիներին, ԼՂՀ-ում զբոսաշրջության զարգացման հիմնական նպատակը կլինի օտարերկրյա այցելուների հոսքի ավելացումը մարկետինգային ճիշտ քաղաքականության, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման շնորհիվ: Տվյալ միջոցառումների արդյունքը պիտի լինի երկրի ՀՆԱ-ում զբոսաշրջության մասնաբաժնի զգալի ավելացումը, ինչպես նաեւ զբոսաշրջության դրական ազդեցությունը ԼՂՀ-ի սոցիալ-տնտեսական կյանքի վրա, ընդգծել է Սերգեյ Շահվերդյանը:



























