Ստամբուլ գաղթած հայաստանցիների ավելի քան 150 երեխա է այսօր այցելում Գեդիկփաշայի Հայ Ավետարանչական եկեղեցում գործող ընդհատակյա դպրոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի համահիմնադիր, տնօրեն Հերիքնազ Ավագյանը:

«Դպրոցի պայմաններն ավելի են բարելավվել: Այսօր երեխաները հնարավորություն ունեն եւ մանկապարտեզ հաճախել, թե դպրոց: Միայն դպրոցում այսօր 150 աշակերտ ունենք: Շատ հայաստանցիներ են նախընտրում իրենց երեխաներին մեր դպրոց ընդունել, քանի որ հայաստանյան ծրագրերով է իրականացվում ուսումը, իսկ հայերի մեծ մասը նպատակ ունի վերադառնալ Հայաստան»,- ասաց տիկին Ավագյանը:

Դպրոցը հիմնադրվել է 2003թ.-ին. այն ժամանակ ստամբուլահայ Ալեքս Ուզուրօղլուն եւ Հերիքնազ Ավագյանը դիմել էին Պոլսո Հայոց պատրիարքարանին՝ տարածք հատկացնելու խնդրանքով, սակայն մերժում էին ստացել, որից հետո նրանց տեղ էր տրամադրել Գեդիկփաշայի Հայ Ավետարանչական եկեղեցին: Անօրինական գործող դպրոցին, սակայն, այսօր մեծ օժանդակություն են տրամադրում տեղի հայկական համայնքը, Պոլսո պատրիարքարանը:

«Փորձում ենք կապ հաստատել Ստամբուլի հայկական համայնքի հետ: Մշակութային միջոցառումներ ենք կազմակերպում, տեղի հայերին հրավիրում, որպեսզի մենք էլ ներգրավվենք համայնքի մեջ»,- ասաց տիկին Ավագյանը:

Նրա խոսքով՝ իրենց համար շարունակում է դժվար մնալ դպրոցի ֆինանսավորումը. ի տարբերություն օրինական գործող հայկական դպրոցների, որոնք հաճախ դրամահավաք են կազմակերպում՝ դպրոցի պահպանման համար, ընդհատակյա դպրոցին ոչ ոք չի գնում. «Մենք հնարավորություն չունենք դրամահավաքներ կազմակերպելու, հետեւաբար գումար ստանալու: Ստիպված ենք մեր միջոցներով, բարի մարդկանց օգնությամբ, ինչպես նաեւ դպրոց հաճախող երեխաների ծնողների վարձատրությամբ հարցը լուծել»:

Հերիքնազ Ավագյանն ուրախությամբ հայտնեց նաեւ, որ իրենց աշակերտներից մի քանիսն արդեն վերադարձել են Հայաստան եւ այս տարի պաշտարստվում են բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվել: