ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդները համաձայնության են եկել բյուջեի պլանի վերաբերյալ, որի համաձայն կհանվի երկրից նավթի արտահանման արդեն  40 տարի գործող արգելքը, իսկ կառավարությունը կկարողանա հետագայում եւս ֆինանասավորում ստանալ, գրում է   Bloomberg-ը` վկայակոչելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանին: 

Խոսքը 2016-ին ԱՄՆ-ի կառավարության ֆինանսավորման պլանի մասին է: Դրա վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա հինգշաբթի` Ներկայացուցիչների պալատում: Ներկայացուցիչների պալատի շատ կոնգրեսականներ պատրաստ են աջակցել Ռայանին եւ համարում են, որ  նա   «համոզիչ փաստարկներ» է ներկայացրել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք լավագույն տեխնոլոգիաներն ունենք, լավագույն նավթը, ժամանակի հետ մենք դուրս կմղենք ռուսական նավթը, դուրս կմղենք սաուդյաններին, իրանցիներին», - հայտնել է Թեքսասի նահանգից հանրապետական կոնգրեսական Ջո Բարթոնը  Bloomberg-ին տված հարցազրույցում:

Հանրապետականները բազմիցս առաջարկել էին հանել հում նավթի արտահանման արգելքը, սակայն այդ նախաձեռնությունը Սենատի եւ Սպիտակ Տան աջակցությանը չէր արժանանում:  Ներկայիս փոխզիջումը հնարավոր է դարձել դեմոկրատների` էմբարգոն հանելու առաջարկին համաձայնության շնորհիվ, ինչի դիմաց հանրապետականները մի շարք հարցերի վերաբերյալ զիջումներ են արել: 

Ամերիկյան նավթի արտահանման վերաբերյալ օրենսդրական արգելքը գործում է  1975-ից: Ընդ որում, անցյալ տարի Առեւտրի նախարարությունը սկսել է ընկերություններին թույլատրել արտահանել թերթաքարային նավթը նվազագույն վերամշակումից հետո, իսկ օգոստոսին տեղեկացրել է, որ  կսկսի ընկերություններին թույլատրել Մեքսիկայի հետ նավթի փոխանակում կատարել: ԱՄՆ-ը օրական նաեւ մի քանի միլիոն բարել նավթ է արտահանում Կանադա: