ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը թեեւ կողմ է սահմանադրական փոփոխություններին, սակայն միացել է ՀԱԿ-ի՝ հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու ստորագրահավաքին եւ այն համարում է առողջ գործընթաց:

«Կա լեգիտիմության իսպառ բացակայություն, եւ եթե ի վիճակի է իշխանությունը, պետք է փարատի մեր կասկածները եւ անսա ժողովրդի ասածին ու նոր քվեարկություն անցկացնի: Ես ինքս սահմանադրական փոփոխությանը կողմ եմ, բայց կեղծիքով ընդունված Սահմանադրությանը չեմ կարող կողմ լինել»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արզումանյանը:

Անդրադառնալով փաստին, որ ԲՀԿ-ն չի միացել ստորագրահավաքին, Արզումանյանն ասաց, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, այն միշտ եղել է չիշխանություն, հիմա էլ գուցե կեսիշխանություն է, բայցը ընդդիմություն չէ:

Նախաձեռնությանը չմիացող ՀՅԴ-ի վերաբերյալ էլ ասաց, որ սկզբունքորեն պաշտպանում են իրենց 25 տարվա մոտեցումը: