Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը խորապես մտահոգված բարեկամի խոսք է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար, ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, ըստ որի հանրաքվերի ժամանակ ընտրախախտումներ թույլ տվածների հանդեպ դեսպանատունը կարող է իր միջոցառումների շրջանակում պատժամիջոցներ կիրառել, մասնավորապես, վիզաների տրամադրման ժամանակ:
«Դա խորապես մտահոգված բարեկամի խոսք է: Այն որ լեգիտիմության դեֆիցիտ կա, ակնհայտ է, ուղղակի՝ որպես բարեկամներ ասում է՝ կանեք, լավ է, չեք անի… ԱՄՆ դեսպանը հավատարմագրված է այս երկրում, որ խոսի մեր խնդիրներից»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ, որտեղ մասնավորապես նշվել է. «Դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաեւ կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»:



























