Եվրամիության կողմից ֆինսավորվող «Ջերմ Օջախ» ծրագրի շրջանակում 22 ընտանիքի տրամադրվել է 522 մլն դրամ արժողությամբ միկրո վարկեր: Այս մասին այսօր` դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ազգային Հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը` ամփոփելով Սոցիալական էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորման ծրագրի 2015թ. արդյունքները:
«Ծրագրի շրջանակում 22 ընտանիք ստացել է նաեւ դրամաշնորհ վարկի գումարի 10 տոկոսի` մոտ 162 000 դրամի չափով, որը նավզեցնում է ամսական մարումների գումարը»,-նշեց Հայկ Ոսկանյանը` ավելացնելով, որ ծրագիրը անուղղակիորեն աջակցում է էներգախնայող նյութեր եւ սարքավորումներ արտջադրող եւ վաճառող տեղական գործարաններին:
Հայկ Ոսկանյանի խոսքով` «Ջերմ Օջախ» ծրագիրը նախատեսված է հատկապես Հայաստանի մարզերի բնակչության համար եւ արդեն ներկայացվել է 8 մարզերում: Այսպիսով` 295 վարկերի 54 տոկոսը` 277 մլն. դրամի չափով, բաժին է հասել մարզերին:
Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի հիմնադրամի նախագահ Արա Նազինյանը ընդգծեց, որ ծրագիրը հնարավորություն է տալիս կրճատել էներգիայի ծախսերը սակագների շարունակական աճի պայմաններում, ստեղծել հարմարավետ կենսապայմաններ, ինչպես նաեւ նպաստում է Հայաստանում էներգաարդյունավետ բնակարանային ֆոնդի զարգացմանը:
«Այս ֆինանսական ծրագիրը յուրահատուկ է իր սոցիալական եւ բնապահպանական ազդեցության առումով: Ծրագրից օգտվողները, որոնք մեծամասամբ բնակվում են մարզերում, ստանում են ինչպեսկարճաժամկետ ֆինանսական օգուտ, այնպես էլ երկարաժամկետ շահույթ`տնտեսելով զգալի միջոցներ հարմարավետ եւ վերանորոգված բնակարանի էներգետիկ ծախսերը կրճատելու արդյունքում»,-ասաց Արա Նազինյանը` հավելելով, որ ծրագիրը նպաստում է նաեւ բնության պահպանմանը` զգալի կրճատելով ածխաթթու գազի եւ այլ վնասակար նյութերի արտանետումը:
Նշենք, որ «Ջերմ Օջախ» ծրագրի շրջանակում Հայաստանում բնակվող ընտանիքները կարող են ստանալ մինչեւ 5.5 մլն. դրամի երկարաժամկետ մատչելի վարկեր` 11-14 տոկոս տարեկան տոկոսադրույքով եւ մինչեւ երկու տարի վճարման արտոնյալ ժամանակահատված: Իսկ այն վարկառուները, որոնք վերանորոգման արդյունքումյ ապահովել են էներգաարդյունավետ նյութերի ձեռքբերման եւ վերանորգումից ակնկալվող էներգախնայողության սահմանված պահանջները, կարող են ստանալ դրամաշնորհ վարկի գումարի 5 կամ 10 տոկոսի չափով: Դրամաշնորհները փոխանցվում են վարկառուների վարկային հաշիվներին`նվազեցնելով վարկի ընթացիկ մնացորդը:



























