ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 15-ին, Գերմանիայի Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի խմբակցության փոխնախագահ Ֆրանց-Յոզեֆ Յունգի եւ Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգների հետ քննարկել է Ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման հարցը:
Աշոտյանը Գերմանիա է մեկնել այդ երկր ի Քրիստոնյա-Դեմոկրատական Միություն կուսակցության ղեկավարության հրավերով՝ ՔԴՄ տարեկան համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Կարլսռուհեում տեղի ունեցած համաժողովին մասնակցելուց բացի նախարար Աշոտյանը դեկտեմբերի 14-ին աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի խմբակցության փոխնախագահ Ֆրանց-Յոզեֆ Յունգի եւ Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՔԴՄ եւ ՀՀԿ միջեւ համագործակցության հեռանկարները, խորհրդարանականների միջեւ շփումների ակտիվացման եւ երկկողմ փոխայցելություններ իրականացնելու հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաեւ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման գործընթացին:
Դեկտեմբերի 15-ին նախարար Աշոտյանին եւ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի լուսավորության, երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար Անդրեաս Շտոխը: Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են Հայաստանի եւ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի միջեւ դպրոցական կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ` միջնակարգ մասնագիտական կրթական համակարգում փորձի փոխանակման հնարավորությունը, ձեռք են բերվել հետագա քայլերի վերաբերյալ պայմանավորվածություններ: Մտքեր են փոխանակվել Հայաստանում գերմանական դպրոց հիմնելու ծրագրի շուրջ:




























