Եվրամիության գոյությունը վտանգված է, ոչ ոք չի կարող կանխատեսել՝ կպահպանի այն արդյոք 10 տարուց իր ներկայիս տեսքը։ Այս մասին Novinky չեխական կայքին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը։
«Եվրամիությանը վտանգ է սպառնում, եւ կասկած չկա, որ իրավիճակը տագնապալի է։ Ոչ ոք չի կարող կանխատեսել, որ ԵՄ-ն 10 տարի անց կունենա իր ներկայիս տեսքը»,- ասել է Շուլցը։
Նրա խոսքով՝ Եվրամիության քաղաքակիրթ նախագծի համար անհրաժեշտ է պայքարել, քանի որ դրա այլընտրանքը ազգայնականությունն է, սահմաններն ու պատնեշները։
Եվրախորհրդարանի նախագահը ենթադրում է, որ աբսուրդ է մտածել, թե յուրաքանչյուր երկիր առանձին կարող է լուծել 21-րդ դարի այնպիսի գլոբալ մարտահրավերներ, ինչպիսիք են ներգաղթը, ահաբեկչությունը, առեւտուրը, կլիմայի փոփոխությունը եւ միջազգային հանցագործությունը։
Նա նշել է, որ փախստականների ընդունելության հարցում որոշ պետություններ անհամերաշխ գործողությունների հետեւանքով ողջ ծանրաբեռնվածությունը ընկել է 5 պետությունների վրա՝ Հունաստանի, Իտալիայի, Ավստրիայի, Գերմանիայի եւ Շվեդիայի։
«Եթե մենք 1 մլն փախստականներին բաշխեինք ԵՄ 28 անդամ երկրների 508 մլն քաղաքացիների միջեւ, մենք այդ խնդիրն անկասկած կլուծեինք»,- ասել է Եվրախորհրդարանի նախագահը։




























