Ես Եվրախորհրդարանին եւ ԵՄ Խորհրդին կոչ եմ անում շտապ քննարկել սահմանային ծառայության եւ առափնյա պահպանության եվրոպական գործակալության ստեղծման վերաբերյալ առաջարկը: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը` ելույթ ունենալով Ստրասբուրգում լիագումար նիստի ընթացքում:
ԵՄ-ի Frontex սահմանային գործակալության վերջին տվյալների համաձայն, տարվա առաջին տասը ամիսների ընթացքում 1,2 միլիոն ներգաղթյալ է եկել ԵՄ: Եվրահանձնաժողովը հայտնել է, որ աշխարհում ներկայիս ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվանից, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Յունկերի խոսքով, ինքը կոչ է անում, որ ԵՄ-ի անդամ պետությունների ղեկավարներն ու կառավարությունները ԵՀ-ի առաջարկը քննարկեն Բրյուսելում դեկտեմբերի 17-18-ին տեղի ունենալիք գագաթնաժողովի ընթացքում:
Երեքշաբթի ԵՀ-ն առաջարկ է ներկայացրել սահմանային ծառայության եւ ափամերձ պահպանության եվրոպական գործակալության ստեղծման վերաբերյալ` Եվրամիության արտաքին սահմանների նկատմամբ վերահսկողության ամրապնդման եւ ԵՄ-ի երկրներ արտաքին ներգաղթյալների անվերահսկելի հոսք թույլ չտալու համար: Գործակալությունը կազմված կլինի 1,5 հազար սահմանապահից, որոնց կտրամադրեն ԵՄ-ի անդամ երկրները. սահմանապահները տեղաբաշխման պատրաստ կլինեն 72 ժամվա ընթացքում: Գործակալությանը նաեւ անօրինական ներգաղթյալներին հետ վերադարձնելու հնարավորություն կտրվի:




























