Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ եւ լիազոր դեսպանների, դեսպանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է Վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նշել է, որ ԵՄ «Մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի եվրոպական փորձագետների հետ համատեղ մշակված տնտեսական մրցակցությանը վերաբերող օրինագծերը ներկայում գտնվում են ՀՀ Ազգային ժողովում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ իրավական ակտերը լրամշակվել են ԵՏՄ իրավական ակտերին համապատասխանեցնելու գործընթացի շրջանակում, լրացվել են հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի չարաշահումների եւ անբարեխիղճ մրցակցության գործողության դրսեւորումները, ինչպես նաեւ նախատեսվել են տուգանքներ պետական մարմինների ու տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց նկատմամբ մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության խախտման համար:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ տնտեսական մրցակցության զարգացումն ու տնտեսական դաշտում թափանցիկության ապահովումը ՀՀ կառավարության գերակա նպատակներից մեկն է եւ գործադիրը շարունակելու է այդ ուղղությամբ լինել հետեւողական:

Դեսպան Սվիտալսկին կարեւորել է տնտեսական մրցակցության խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը եւ վստահություն հայտնել, որ դրանք կնպաստեն ՀՀ-ում բիզնես միջավայրի հետագա բարելավմանը, ՀՀ-ԵՄ տնտեսական կապերի զարգացմանը, նոր ներդրումների ներգրավմանը:  

Խոսելով նոր Ընտրական օրենսգրքի մասին՝ վարչապետը տեղեկացրել է, որ դրա մշակման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում: Կառավարության ղեկավարը կարեւորել է օրենսգրքի մշակման ուղղությամբ քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության եւ միջազգային կառույցների հետ սերտ փոխգործակցությունը, ներկայացվելիք առաջարկությունների քննարկումն ու դրանց ընդգրկումը ընդունվելիք օրենսգրքում: