Թուրք հրապարակախոս, մարդու իրավունքների պաշտպան եւ Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Ռագըփ Զարաքոլուն դեկտեմբերի 10-ին արժանացել է Դանիայի «PL» հիմնադրամի «Խաղաղության» պարգեւին:
Վերոնշյալ հեղինակավոր պարգեւը, որը կազմում է 100 000 դանիական կրոն, շնորհվում է ՄԱԿ-ի համամարդկային իրավունքների հայտարարագրի շրջանակներում ոչ բռնության ճանապարհով ժողովրդավարության համար պայքարող մարդկանց եւ կազմակերպություններին:
Հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպվել էր Դանիայի Ազգային թանգարանի արարողությունների դահլիճում, ելույթով հանդես է եկել PL հիմնադրամի նախագահ Փոլ Սոգաարդը: Նա մասնավորապես նշել է, որ «Խաղաղության» պարգեւը Ռագըփ Զարաքոլուին հանձնվում է մտքի ազատության եւ մարդու իրավունքների բնագավառներում իր բազմամյա պայքարի եւ գործունեության, ինչպես նաեւ 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկման բարձրացմանն ուղղված ջանքերի համար, ինչի համար նա հետապնդվել է, ենթարկվել հալածանքների եւ մի քանի անգամ բանտարկվել:
Պատասխան խոսքում Զարաքոլուն նշել է, որ պարգեւը նվիրվում է տարիներ առաջ սպանված հայկական «Ակոս» թերթի խմբագիր Հրանթ Դինքի հիշատակին եւ ներկայումս երկարամյա ազատազրկման դատապարտված թուրքահայ գրող, լեզվաբան եւ ճարտարապետ Սեւան Նիշանյանին: Նա տեղեկացրել է, որ Սեւան Նիշանյանը սեփական միջոցներով վերականգնել է Թուրքիայի հունական Շիրինջե գյուղի ճարտարապետական կառույցները, ինչի համար ազատազրկման է դատապարտվել` առանց պետական թույլտվության վերակառուցողական աշխատանքներ իրականացնելու համար: Նա ավելացրել է, որ այժմ այդ շինությունները քանդման սպառնալիքի տակ են, իսկ Սեւան Նիշանյանը միակն է, որ Թուրքիայում փակ ռեժիմի բանտում ազատազրկվել է «Մշակութային եւ բնական արժեքների պահպանման» մասին օրենքի խախտման հատկանիշներով: Նա կոչ է արել հնարավորինս բարձրաձայնել եւ դատապարտել Թուրքիայում տիրող ծայրահեղ անհանդուրժողականությունը եւ հնարավորինս օժանդակել բանտարկված մտավորականների ազատ արձակմանը:
Միջոցառմանը մասնակցել է Դանիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Ք.Մեհրաբեկյանը, եւ ներկա էին նաեւ տարբեր երկրներում բնակվող թուրք մտավորականներ եւ իրավապաշտպաններ, որոնք իրենց գործունեության եւ խոսքի ազատության համար աքսորվել են Թուրքիայից:
Հարկ է նշել, որ 2005թ. Ռագըփ Զարաքոլուն արժանացել է նաեւ Նորվեգիայի Գրողների միության եւ Նորվեգիայի մշակույթի նախարարության «Արտահայտվելու ազատության» պարգեւին:




























