Հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնության են եկել ԱՄՆ-ից նավթի արտահանման 40 տարի գործող արգելքը հանելու վերաբերյալ: Այդ մասին գրում է Lenta-ն` վկայակոչելով Rambler News Service-ին:
Փաստաթուղթը դեկտեմբերի 17-ին Կոնգրեսում հավանության կարժանանա բյուջետային փաթեթի ընդունման շրջանակում: Ներկայացուցիչների պալատի անդամ Էնն Վագները (Հանրապետական կուսակցություն) տեղեկացրել է, որ արգելքի հանման դիմաց դեմոկրատները հնարավորություն կստանան առաջ մղել իրենց օրինագծերը քամու եւ արեւի էներգիայի խթանման համար հարկային ժամանակավոր արտոնությունների տրամադրման վերաբերյալ:
Դեկտեմբերի 16-ին նավթի տեխասյան WTI տեսակի մեկ բարելն արժե 36,83 դոլար, իսկ էտալոնային Brent ապրանքանիշինը` 37,65 դոլար:
Դեկտեմբերի 9-ի տվյալներով ԱՄՆ-ի նավթի առեւտրական պահուստները (դրա մեջ չի մտնում ռազմավարական պահուստը` մոտ 700 մլն բարել) կազմում են 490 մլն բարել:
ԱՄՆ-ի կառավարությունը 1973-ին սահմանափակել է նավթի արտահանումը: Միացյալ Նահանգները «Դատաստանի օրվա» պատերազմում Իսրայելին էին աջակցել Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի եւ Հորդանանի դեմ: Դրան ի պատասխան, արաբական երկրները արգելք էին սահմանել ամերիկացիներին հում նավթի մատակարարման վրա: Դրա արժեքը չորս անգամ մեծացել էր` մեկ բարելի դիմաց 3 դոլարից հասնելով 12-ի: Առանց հումքի մնալով` ԱՄՆ-ն որոշել էր արդյունահանվող նավթն օգտագործել ներքին կարիքների համար եւ արգելել էր դրա վաճառքն արտասահմանում: Արաբական պատժամիջոցները հանվել են 1974-ին, սակայն ամերիկյան արգելքը գործում է մինչ օրս:



























