Հիլարի Քլինթոնը, որը երկրի նախագահի պաշտոնի համար մրցապայքարում Դեմոկրատական կուսակցության թեկնածուների շրջանում ֆավորիտ է, ԱՄՆ-ի պետքարտուղար լինելու ընթացքում իր անձնական փոստին առնվազն երկու նամակ է ստացել, որոնց գաղտնիության բարձրագույն աստիճան է վերագրվում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Fox News-ին:
Նրա աղբյուրների տվյալներով, նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցները, որոնք վերլուծել են այդ երկու ուղերձը: Դրանցից մեկը վերաբերել է ԿԺԴՀ-ի հրթիռների տեղափոխմանը, իսկ մյուսը` անօդաչու սարքերի միջոցով հարվածներ հասցնելուն:
Ներկայումս նամակներից մեկում պարունակվող տեղեկությունների գաղտնիության աստիճանը մեկ մակարդակով իջեցվել է, դրանք այժմ գաղտնի են համարվում, իսկ երկրորդ նամակի տեղեկատվությունը մինչեւ այժմ էլ դասակարգվում է որպես գերգաղտնի: Թե կոնկրետ ով է Քլինթոնի փոստին նման նամակներ ուղարկել, առայժմ չի ճշտվում:




























