Սերժ Սարգսյանի հրաժարականի և ժողովրդի վստահության կառավարության կազմավորման օրակարգով հանրապետության տարածքում անցկացվող քաղաքացիական ժողովների շրջանակում «Նոր Հայաստան» ճակատի դեկտեմբերի 16-ին Կապանում կազմակերպված հավաք-հանդիպման ժամանակ Սյունիքի մարզպետի խորհրդականի և Կապանի քաղաքապետի գլխավորությամբ մի խումբ անձինք պարբերաբար փորձել են խոչընդոտել հանդիպումը և սադրել նրա մասնակիցներին: Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբը»:
«Հանդիպմանը ներկա մի քանի տասնյակ ոստիկանները հանցավոր անգործություն են դրսևորել, թեպետ հանդիպման մասնակիցները բազմիցս դիմել են նրանց՝ հորդորելով օրենքով սահմանված կարգով ապահովել խաղաղ հավաքի անվտանգությունն ու ընթացքը»,-ասված է հայտարարությունում:




























