Պետությունը գրեթե ոչ մի դեր չի կատարում գյուղացիների՝ բերքի իրացման խնդիրները լուծելու գործում։ Այս մասին դեկտեմբերի 16-ին՝ ՀՀ խորհրդարանում Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական կոոպերացիաների մասին» օրենքի քննարկման ժամանակ, ասել է ԲՀԿ պատգամավոր, էկոնոմիկայի խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով՝ 2015թ. հանրապետությունում աճեցվել է 50 հազար տոննայով ավելի շատ խաղող, իսկ ձեռնարկությունները մթերումը մեծացրել են ընդամենը 28 հազարով։ Այսինքն՝ բերքը լավն է եղել, բայց գյուղացու համար միեւնույնն է վիճակը ծանր է եղել. մնացել է բերքը ձեռքին, իսկ պետությունը ոչնչով չի օգնել։
«Չի լուծվում եւս մի հին խնդիր. Մշակող ընկերությունները շատ էժան գնով են գյուղացիներից կաթ գնում։ Արդյունքում մեկ լիտր կաթն ավելի էժան է, քան մեկ լիտր ջուրը։ Գյուղացիները կարող են ինքնուրույն կաթնամթերքի արտադրություն դնել, սակայն դրա համար կաթի սառնարաններ են պետք, կոնվեյներներ եւ այլն։ Կոոպերատիվները կարող են փորձել լուծել այդ խնդիրը, բայց կօգնի նրանց պետությունը, թե ոչ, նորից անհասկանալի է»,- ասել է Մելքումյանը։



























